пятница, 5 января 2018 г.

Սուիցիդ

Ինքնասպանություն: Վերջնականապես ջնջվել եմ հասարակությունից, տեսնես գոնե նկատե՞լ են:  Ասում էր, թե միանգամից վատի մասին պետք չէ մտածել: Հացի կրպակի վաճառողուհին հաստատ զգացել է բացակայությունս: Ամեն անգամ գտնում էի նրան կրպակը փակելիս, ամեն անգամ ասում էր, թե ինձ համար մեկը պահել է: Մեկնում էր ցրտից կոպտացած ձեռքը ու ցածրաձայն շշնջում` հարյուր քսան դրամ, սա էլ նրա սովորությունն էր: Ինչիս էր պետք այդ հացը, ճանապարհին կծում էի մեկ կտոր, զզվելով կուլ տալիս: Հետո էլ տան դիմացի լապտերի  տակ  պարտադիր շարված սև կատուներ կային, մոտենում էի ու շպրտում հացը, այնպես որ կպչի մի աչքանի կատվի գլխին, մլավում էր ու հարձակվում սպասված պատառին: Այդ դժգոհ մլավոցից հաճույք էի ստանում: Ով է ասել, թե ինձ կարող են տանջել, իսկ ես չեմ կարող: Կատուն էլ ձեզ օրինակ: Էս կատուները, օրեցօր շատանում էին: Սկզբից մեկն էր, հետո ավելացան չորս ձագերը` երեքը սև, մյուսի գլխին էլ մոխրագույն նշան կար: Հետոն չեմ հիշում: Բայց թոքախտավոր լույսի տակ նրանց սևությունը զզվանք էր պատճառում: Նրանք առողջ էին, ես` հիվանդ: Ամեն ինչ հենց այստեղ սկսվեց: Նա(որին սիրում էի) սպանեց իմ ապրելու ցանկությունը՝ անգիտակցաբար, իսկ ես չվարանեցի՝ սպանեցի կյանքը: Իրականում գործընթացը բավականին երկար տևեց: Ոչ, դուք այս ամենի մասին սխալ պատկերացում ունեք,  դա մի ակնթարթ չէ: Մի քանի փուլեր կան՝ անսպասելի երջանկություն, զգայախաբություն, մտահածություն և վերջնական կործանում: Պարտադիր պետք է անցնել բոլորի միջով, որպեսզի հակադրությունը զգաս: Այդ դեպքում միայն ինքնասպան կլինես: Եթե երբևէ երջանիկ չես եղել ու էդ ամենը չես կորցրել, էլ ի՞նչ մեռնելու ցանկության մասին է խոսքը: Միգուցե  էքզիստենցիալիզմով եք տարված, փորձում եք հակադրվել ինձ: Բայց, եկեք խոսովանենք, Կաֆկան դա դուք չեք: Ձեր դեպքն այլ է, ինչ-որ մեկը, ինչ-որ պահի ձեզ անհրաժեշտից ավելին է տվել, սկսել եք հասկանալ կյանքը և դուրս եք մղվել հոսանքից: Դուք սկզբից անտարբեր էիք, հետո էլ սկսեցիք տանջվել, արդյունքում նորից դարձաք անտարբեր և՜ կյանքի, և՜ մահվան նկատմամբ: Այսքանը: 
Խնդիրը հետևյալում է՝ ես անչափ երջանիկ էի, և շարունակական տառապանքը ինձ չդարձրեց անտարբեր: Կյանքը խցանվել էր: Մի օր, երկու օր, օ ոչ, դա տարիներ տևեց, մեկ էլ, շրըխկ, չդիմացա, մեռա: 
Ի՞նչը ստիպեց ինձ այդ քայլին դիմել: Չեմ ցանկանում նրան միակ մեղավորը ճանաչել: Եթե իմանար, որ մեռել եմ, համոզված եմ՝ կափսոսար՝ անտարբեր գլուխը կախելով: Ինքս էլ մեղավոր եմ: Կարող է մտածեք, որ ինքնասպանություն գործածները ուժեղներն են, չէ որ ինքներդ էլ ցանակցել եք, բայց չեք իրագործել: Բայց՝ ոչ: Մինչև ֆիզիկական վերացումը արդեն մեռած էի: Անցումային փուլերից մեկում կորցրել էի զգալու ունակությունը: Հավատա ինձ, մեռնել նշանակում է չզգալ: Եվ մեռած կոչվելու համար գետնի տակ անցնելը պարտադիր պայման չէ: Փնտրել է պետք և կենդանիների մեջ էլ մահացածներ կգտնվեն: Իսկ ես նույնիսկ մյուսների գոյությունը չէի զգում, ես մենակ էի՝ բացարձակապես մենակ: Գիտակցությունս դեռևս չէի կորցրել, գիտեի՝ ինձ չեն հասկանում ուրեմն ինչ-որ բան ճիշտ չէր: Չհասկացվածության գիտակցումը ստիպեց ինձ գրել: Պատմե՞մ, թե ինչ եղավ: Սկզբից, մինչև ամբողջական խորտակումը, ինձ հաճելի էր թվում անձիս՝ գրչակ լինելու գաղափարը: Թվում էր՝ վերջապես ինտեգրվել եմ արվեստագետների միջավայրին. այդ մասին այնքան շատ էի երազել: Մի քանի մանրուք հաշվի չէի առել: Տեսե՞լ եք, թե ինչպես են ծխում երիտասարդ գրչակները: Այնպես են կլանում ծուխը, կարծես հետը իմաստություն են ծծում: Հետո էլ դեմքերը աղավաղելով դուրս են փչում ծուխը: Ասել է, եթե ծխում են իմաստունի արտաքինով ուրեմն շատ բան են հասկանում: Համենայն դեպս, իրենք իրենց աչքերում: Այստեղ է ծնվում
հակադրությունը, ես երբեք էլ իմաստացած չեմ նստի փաբում, ալկոհոլի շիշը ձեռքիս: Երբեք չեմ սիրել գետնահարկերը, բայց ամենասարսափելին այն է, որ ալերգիկ եմ, և ծխախոտի հոտը ստիպում է ինձ փռշտալ: Երևի նախախնամություն է, ամբողջությամբ գրչակ զգալ չէր հաջողվում:  Մտքերս թափառում էին, գոնե ուրիշ մանրուքներից հաճույք ստանայի: Ինձ պետք է հարցնեին, թե ինչով եմ զբաղված, իսկ ես կարմրելով պատասխանեի, որ գրում եմ: Կարդում էի անարժեք պատմվածքներս ու հաճույք ստանում: Ես այն ծնողների նման էի, ովքեր տեսնում են իրենց ձագերի թերարժեք լինելը, բայց միևնույնն է, երջանիկ էին: Այս փուլը երկար չտևեց: Նախ՝ ինձ ոչ ոք այդքան սպասված հարցը չտվեց:: Տալու դեպքում էլ, համոզված եմ, որ նախօրոք մտածածս պատասխանը նրանց այնքան իմաստալից չէր թվալու, ինչպես որ կարծում էի: Երկրորդն էլ հասկացա անսպասելի գրելու ցանկության առաջացման պատճառը: Դա մյուսներին ճշմարիտը ապացուցելը չէր; Ամենը այնքան պարզ էր, ինձ չէին հասկանում, կարծում էի, որ գրելու դեպքում պետք է հասկացվեմ: Գրում էի, որովհետև մենակությունը այլևս տանելի չէր: Ոչ էլ ուժ ունեի մտածածս գոռալու համար: Միգուցե բոլոր մոռացված  ու տառապած, ինչու ոչ, նաև հասկացվածների գրելու պատճառը հենց դա է եղել: Գիտե՞ք ինչ եղավ արդյունքում: Ոչ ոք էլ այդ պատճառները չհասկացավ: Որոշները կարդացին, ժպտացին ու ասացին՝ տաղանդավոր ես: Իհարկե, դեմքերից պարզ հասկացվում էր, ցանկանում են, որ այլևս չանհանգստացնեմ: Որպես միջակություն չպետք է մյուս անգամ նրանցից ժամանակ խլեմ: Իսկապես, ու՞մ է պետք, եթե Տոլստոյի բաց գիրքը սեղանին սպասում է: 
Գրելը ցանկությունը ժամանակի ընթացքում խունացավ, մահը սկսեց երևալ որպես մի վառ լույս: Մահը պետք է ընդուներ ինձ: Նա սպասում էր ինձ ձեռքերը չռած: Եվ ես մեռա, մահը, այն սպասված պատառը... Մեռա ու հիշեցի կատուներին:
Տեսնես  կերակրող ունե՞ն: Երևի շարված ինձ են սպասելիս եղել, իսկ ես չեմ վերադարձել: Սոված սպասել են ու գնացել: Ինչքան հաճելի է: Դե մարդը չար էակ է:

















вторник, 1 ноября 2016 г.

Ալբերտ Քամյու Մտորումներ Գիլիոտինի մասին

                                            Մտորումներ Գիլիոտինի մասին
                                                                       Հեղինակ` Ալբերտ Քամյու


Ալբերտ Քամյուն իր կյանքի ընթացքում համարվում էր <<Արևմուտքի Խիղճը>>:
Քամյուն հեղինակն է Réflexions sur la Guillotine ակնարկի, որում մեծ զզվանքով է խոսում մահապատժի և դրա դրսևորումներից մեկի` Գիլիոտինի մասին: Գիլիոտինը օգտագործվել է Ֆրանսայում մինչև 1981 թվականը, երբ մահապատիժը վերջնականապես արգելվել է:
Ակնարկը սկսվում է մի պատմությամբ իր հոր մասին, ով ցանկանում էր ականատես լինել մարդասպանի մահապատժին:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, մարդասպանը, որի հանցանքը ապշեցուցիչ էր, Ալժիրում դատապարտված էր մահվան: Նա սպանել էր ֆերմերների ամբողջ ընտանիքը: Մարդասպանը գյուղատնտեսական աշխատող էր, որը մորթում էր իր զոհերին` զառանցանքի մեջ ընկնելով, այնուհետև հանցանքը դարձնում էր ավելի լուրջ` թալանելով իր զոհերին: Դեպքը շատ էր լուսաբանվել և մարդիկ համաձայն էին, որ այդպիսի հրեշի համար գլխատումը շատ մեղմ պատիժ է: Ես նորից եմ կրկնում. սա իմ հոր կարծիքն էր, որը խիստ վիրավորվել էր երեխայասպան մարդասպանից: Ես շատ բան չգիտեմ հորս մասին, բայց սա առաջին մահապատիժն էր, որին հայրս ցանկացել է մասնակցել:
Նա արթնացել է այն ժամանակ երբ քաղաքը դեռ քնած է եղել: Գիլիոտինը գտնվում էր քաղաքի մյուս ծայրում, հայրս կարճ ժամանակ հետո իրեն գտնում է հսկայական ականատեսների ամբոխի մեջ: Նա երբեք չի խոսել այն մասին, թե ինչ է տեսել այդ առավոտ: Մայրս միայն հաղորդում էր, որ նա սրընթաց տուն է վերադարձել, ընկել է անկողնու վրա, չի խոսել և հանկարծակիորեն սկսել է փսխել: Նա հայտնաբերել էր, որ իրականությունը թաքնված է կանոնների տակ, որոնք, որպես կանոն փորձում են ծածկել այն: Սպանված երեխանների մասին մտածելու փոխարեն նա միայն կարող էր մտաբերել դողացող մարմինը ընկած տախտակի վրա, որի գլուխը պետք է կտրվեր:
Այս ավանդույթը գարշելի է: Երբ գերմարդկային արդարության բանաձևը միայն սրտխառնոց է առաջացնում այն մարդու մոտ, որը պետք է պաշտպաներ վերջինիս, դժվարություն է առաջանում օրենքը պահպանելու մեջ, քանզի օրենքի ճիշտ գործունեությունը ուղղված է ապահովելու խաղաղության և կարգուկանոնի բարձր աստիճանը: Ակնհայտ է, որ այսպիսի արդարությունը պակաս ցնցող չէ, քան հենց ինքը հանցանքն է: Այս օրինական սպանությունը, որն առաջարկվում է, որպես փոխատուցում այն հանցանքի, որն իրականացվել է հասարակության դեմ ավելացնում է մի նոր պղծում առաջինի վրա:
Քամյուն նաև անդրադառնում է մահապատժի անարդյունավետության մասին,-Համաձայն մի դատավորի մարդասպանների մեծամասնությունը սափրվում են այն առավոտյան, երբ ցանկանում են ինչ-որ մեկին սպանել երեկոյան:
Ակնարկը հեղինակն այսպես է ավարտում. -Իսկ ավելի կարճ, մահապատիժը չի կարող վախեցնել այն մարդուն, ով իրեն նետում է հանցանքի մեջ այնպես, ինչպես մեկ ուրիշը նետում է իրեն խեղճության մեջ:













Տխրություն կամ անծանոթ գույներ

                                      Տխրութուն (Անծանոթ Գույներ)

                                       *********                                                                      
  Ու եկ պարենք մենք փողոցի լապտերների լույսերի տակ,
  Ու եկ ճախրենք մենք միասին, թաց ասֆալտի վրա  կանգնած
  Թող ճախրեմ ես քո գրկում, ձեռքերի մեջ քո առնական
  Ու թող դիտեմ աչքերը քո, ու թող սուզվեմ անհունի մեջ
  Ու թող փարվեմ ես քո կրծքին, թույլ տուր ապրեմ ես քո գրկին
   Հոսող ուժին միաձուլված:



                                       *********

Հեյ, լսիր, թույլ տուր  խոսեմ,
Սիրտս լի է, լի քաղցրությամբ, 
Լի ջերմությամբ,
Հեյ, ներսս լի է,
Էլ տեղ չունեմ,

Թույլ տուր դիպչեմ քո մատներին,
Թույլ տուր անցնի 
Ջերմությունը սրտիս խորքի,
Դու չես այրվի,

Թույլ տուր անցնի քո բարալիկ, ձեռքի միջով
Դու, որ այնպես նվագում ես,
Վախենում ես, ախր ինչից,
Վախենում ես, թե չհնչեմ,

Չեմ դժգոհի, աչքերս փակ
Ես կդիտեմ ձեռքիդ խաղը:
Արև եմ դարձել,
Քեզ չեմ այրի, քեզ չեմ այրի:



                               *********

Ասա, որ սիրում ես, սիրում ես հոգիս, և ոչ-թե տխուր աչքերս սև սաթ
Ասա, որ հոգիդ լցվել է ինձնով,
Ասա, որ այնտեղ մի փոքր անկյուն դատարկ ես թողել
Ու այդ անկյունով բանականությամբ  մյուսին ես դիտում,
Ու հիանում ես, ու չես ափսոսում:
Ասա, մի' լռիր
Ինչու՞ չես խոսում,
Ուրվական ես,
Գնում ես, լռում ես:
                                       *********
Գարուն ես դարձել,
Հոգի իմ:
Աշուն ես բերել,
Հույսերս` կանաչ,
Կարմիր են դարձրել
Մգվում եմ, թափվում եմ,
Դու հասկանու՞մ ես
Աշնան տերև եմ դարձել,
Դեռ գարուն չապրած,
Իսկ դու թողնում ես
Այդքան նեղսի՞րտ ես,
Հոգուս լարերը` տերևներ դարձած,
Խշշում են տխուր, ու լաց են լինում:
Չի լսվու՞մ:
Վերջին պատարագն է ավարտվում:
Հույսերս գերեզման են մտնում,
Դանդաղ քայլերով:
Լույս իմ, սևանում եմ
Հոգիս, չես տեսնու՞մ:

                                       *********

Սոխակը նստած ուռենու ճյուղին
Մանուշակի գովքն է ասում,
Լճակի ափի անուշ մեղեդին
Սիրտս ցավով է պատում:

Առաջին իմ սեր, եղբայր իմ անգին
Ուռենու արծաթ ճյուղերը այսօր,
Չեն շարժվում քամու շարունակ հարվածից,
Արևի անհոգ ջերմության ներքո

Ծիածանագույն արցունքները ծառի
Սառնությամբ պատված ցած են գլորվում
Ուռենի, ընկե'ր , ինչու՞ անտարբեր 
Ներքև  են իջնում առատ արցունքներ

Ծնվածդ օրից սովո՞ր ես լացին
Մի՞թե տխրում ես , որ ծիածան սոխակն 
Բացատի գունեղ ծաղկին է գովում:
Սիրտս այրվում է, իսկ ես դողում են,

Ինչպես թռչունը, ընկած վիրավոր,
Արցունքդ շթով թափվում է գլխիս,
Ինչու եմ այրվում,
Հանգչել եմ ուզում:

Տխուր ուռենի, դու լաց մի լինի,
Չէ որ լսում ես դու քո սիրածի
Ձայնը հաճելի, բարակ ոտքերը նրա
Հպվում են արծաթ ոստերիդ խոնարհ

Վերև բարձրացրու ճյուղերդ երկար
Արմատներդ երկար, լճին են հասնում,
Իսկ ես ծարավ եմ,Էլ չեմ զգալու
Սիրածիս հյութեղ շուրթերի

Հպումն կենսատու, 
Կարոտն է տանջում, սուզվել եմ ուզում
Ես իմ սիրածի աչքերի խորքում
Նրա ոսկի գանգուրներին դիպչել եմ ուզում:

Սոխակը նստած ուռենու ճյուղին
Մանուշակի գովքն է ասում,
Լճակի ափի անուշ մեղեդին
Սիրտս ցավով է պատում:


                                       *********   
Գիշերն չոքեչոք խավար է ցրում
Ու սև աստղերը անհոգ քրքրիջով
Հեռուն են փախչում:
Ու մի ուրվական, վարար մազերով
Թաց շիրմիդ վրա, իր ցավն է սգում,
Ննջել է ուզում....
Գիշերն անտարբեր , իր գիրկն է առել 
Սևցած աստղերին,
Արևին թաղել է նա ուզում
                                       *********
Իմ խոնավ հույսեր,
Դուք հին օրերի մոտիկ ընկերներ,
Էլ չենք թռչում վեր,
Ծանրացաք սրտիս,
Թույն դարձաք,
Կոկորդիս նստած,
Թքել եմ ուզում
Ձեզ սպանել, դա եմ ցանկանում,
Ինչ կա որ. դա մեղք չի կոչվում,
Ես ջահել անցորդ լաբիրինթոսում
Ուժասպառ եղած, վազել եմ ուզում
Տարածության մեջ,
Շարժվել եմ ուզում
Հուշեր , մարդիկ վայրենի
Ձեզ սպանել գիտեն,
Ես ինչպես վարվեմ.....

четверг, 1 сентября 2016 г.

Այդ գիշեր ես անհանգիստ էի, հայացքս բանտախցի ճաղապատ պատուհանին էր ուղղված:  Անքննությանս պատճառը մահճակալիս անհարմարավետությունն էր, դրա հետ մեկտեղ բանտախցի կեղտոտությունը , առնետների ազատ ելքումուտքը : Ես չէի կարողանում մտածել դատավարությանս մասին, որը կայացավ հաջորդ առավոտյան: Փորձել էի, բայց անընդհատ մտքերս շեղվում էին: Ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչպես պետք է ապրեմ առանց ազատություն, սակայն երբ պետք է հնչեցնեի պատասխանը շեղվում էի, սկսում էի հաշվել պատուհանի երկաթյա ճաղերի թիվը, 2 րոպե հետո նորից վերսկսում էի նույն գործողությունը: Միգուցե պատճառը նրանում էր , որ երբեք չէի մտածել իմ ապագայի մասին, և սովորությունս այդքան կտրուկ փոխել ի վիճակի չէի: Ես շատ երկար սպասեցի լուսաբացին: Առավոտյան ինձ այցելեց բանտապահս, նա ինձ արհամարհում էր , թեև ես համոզված չէի մեղավոր եմ, թե չէ: Ես ինձ անհարմար էի զգում, բանտից դուրս արժեքավոր էի , բայց այդ գորշ պատերի մեջ գտնվելը  ինձ իջեցնում էր և ես հենվելու տեղ չունեի:

вторник, 5 июля 2016 г.

Արի դուրս գանք պատշգամբ: Սիրում եմ գիշերը, գիշերային թարմությունը: Նայիր վերև` աստղազարդ է:Ուշ  է, բայց հավաքարարը դեռ աշխատում է: Սիրում եմ էս համադրությունը ցախավելի տակ  խշշացող տերևներ, գրեթե անշարժ հավաքարար, լապտերներ, դատարկ փողոցի հիվանդոտ լուսավորություն ու . Սիրում եմ կարմիր նարնջագույն ու կանաչ գույների հերթափոխի տկտկոցը, առավոտյան մեքենաները խանգարում են լսելուն: Նայիր երկնքից կախված լուսնին, լուսնին չեմ սիրում, գույնը մեռելային է: Երբևէ չես մտածել, թե ինչի լուսինն ու թոքախտավոր լապտերները նույն լույսով են այրվում: Արի աստղերին նայենք, աստղերը փայլում են ու ունեն դրա իրավունքը , հասկանու?մ ես: առաջին հայացքից ինձ թվում է, բարձրանում եմ վերև, աստղերի մոտ, սակայն հաջորդ պահին ինձ ճնշված եմ զգում, աստղերի անհասանելիությունը տանջում է,կարծես թե ընկնում եմ ֆիզիկապես, մի ակնթարթ ծանր հարված եմ զգում: Դրա համար էլ ատում եմ աստղազարդ երկինքը:  Իրականում ժամանակ հասկացություն գոյություն չունի: Բայց ցանկացած ապրած կամ չապրած վայրկյան անցյալ է դառնում: Գրողը տանի: Գիտեի?ր, որ աստղերն էլ են մահանում, հասկանում ես չկա հավերժություն,  բայց տիեզերքը անսահման է: Երկար ժամանակ է ինչ մտածում եմ այս մասին, լսիր ինձ, եթե ինչ-որ կետում ինչ-որ բան ավարտվում է դրա փոխարեն նորնն է սկսվում: բայց իրականում ոչինչ չի ավարտվում: հաճախ ինձ թվում է, թե գիտությանն անհասկանալի հարցերի պատասխանները պետք է գտնել գրականության մեջ: փակվում է սենյակիս դուռը, վարագույր իջնում է, արհեստական լույսը ողողում է սեղանիս շրջապատը, էքզիստենցիալիզմ, խորասուզված ընթերցումներ: Դու հիմա ինձ ես լսում, հետևաբար անբովանդակ այս հարցը 《որն է կյանքի իմաստը》քեզ էլ է հուզել: Ով որ փնտրել է այս հարցի պատասխանը, հասկացել է, որ կյանքն անիմաստ է: Շունչս կտրվում է, դրսում անձրև է, վարագույրս վերև է բարձրանում պատուհանը կրկին բաց է: Տես, թե ինչպես է հպվում ցախավելը կողտոտ ասֆալտին: Եթե ես հիմա գոռամ, որ կյանքն իմաստ չունի հավաքարարը ինձ ուշադրություն չի դարձնի , անտարբերությամբ իր գործը կշարունակի: իսկ եթե ցատկեմ պատուհանից նա ինձ կմոտենա, ափսոսանքով կնայի արյոինոտված դեմքիս կմտածի որ հիմար էի ու ոստիկանություն կզանգահարի: Գիտեք, հավաքարարին երբեք չի հուզել հավերժության գաղափարը : Նա չի փորձել փնտրել կյանքի իմաստը: Չեմ հասկանում ես եմ հիմարը, թե նա: Նա աշխատում է, ամենօրյա ձանձրալի աշխատանք:

воскресенье, 12 июня 2016 г.

Երեք սերունդ

Սաքո պապը բարձրահասակ , կոր մեջքով, արծվի քթով յոթանասունն անց առույգ մի մարդ էր, նրա կինը` Սոնիկ տատը ցածրահասակ, կլորիկ մարմնով, կարմիր այտերով , մեծ ատամներով ,  ժպտալիս ներքևի շուրթը անցնում էր ատամների տակ: ձեռնափայտը միշտ ձեռքին( թեև քայլելիս չէր դժվարանում),  Կինը նման էր մկան, ամուսինը` ուղտի:   Միշտ միասին էին,  երկար տարիներ ապրելով միասին, չէին հոգնել, ավելին` սիրում էին միմիանց: Եթե ուղտին հարցնեիր, թե սիրում է իր մկանը, ապա կասեր,որ մուկն աշխարհի ամենագեղեցիկ կենդանին է, և իր կինը բոլոր ջահել մկներից էլ լավն է: Նույնատիպ պատասխան կստանայիր, եթե հարցը ուղղեիր մկնիկին, 《Ուղտը բոլորից գեղեցիկ  է》,- կասեր նա: Երկու զավակ ունեին` աղջիկ և տղա, երկուսն էլ ամուսնացած էին, ապրում էին արտերկրում և ծնողներին այցելելու պատճառելիք հաճույքից զերծ էին պահում իրենց, թեև նյութական օգնություն տրամադրելուց չէին հրաժարվում, բայց ծնողների համար դա ոչ մի նշանակություն չուներ: Առհասարակ ոչ մի արժեք չունի մենակ ես մնացել  գոմում թե պալատում: Երկու դեպքում էլ մենակ ես: Բայց պառավները չէին դժգոհում, երևի մտածում էին` գործեր ունեն, զբաղված են: Ինչ կա որ, երբ մատնված ես անուշադրության, ցանկացած փոքրիկ չմտածված դեպք մեծ նշանակություն ունի մարդու համար: Եվ ահա, սա այդ դեպքերից մեկն էր:
Ամառ էր, օրը արևոտ չէր, բայց տհաճ էր, տոթ էր և քամի չկար : Այդ առավոտ պառավները դեռ արևը չծագած ոտքի վրա էին, թոռներն առաջին անգամ պետք է գյուղ գային: Կինը հասցրել էր արդեն ճուտեր մորթել, և այդ արարողակարգից հետո հոգնած, քրտինքը ճակատին մոտենում էր տանը, երբ ամուսինը, ածիլվելուց հետո արյունոտված դեմքով, կտրում է կնոջ ճամփան:
-Այ մարդ, սիրտս ճաքեց, իմացա` խալխի մարդն է, միքիչ շուտ-շուտ մորուքդ  խուզի էլի: Իսկը իգիթ ես, սիրուն մարդ ունեմ, խաբար չունեմ:
-Կնիկ, գոճին մորթե՞մ ,- դեմքը քորելով, ասում է Սաքո պապը:
-Վահ, մի ստե մտիկ, բա ինչ զահրումար անես, ժլատությունդ բռնեց, կյանքում մի անգամ է սենց դեպք լինում:
-Այ կնիկ, լեզուդ քեզ պահի, ես ինչ ասեցի, դժգոհելդ որն է: Ուղղակի հարցրեցի:
-Ո՞նց, չգիտե՞ս, պետք է մորթես, թոռներս ուզու՞մ ես սոված մնան: Ամեն ինչ լավ պիտի լինի, մաքուր սարքած:
-Խոզը չմորթե՞մ
-Վահ, խելքդ կերել ես: Միսը փափուկ պիտի լինի: Չէիր լսում` էրեգ ինչ էի պատմում, թե մոռացել ես, ասա քեզանից ինչ իգիթ, պառավել ես, շուտ ես մոռանում: Էս Ռաֆիկի հարսը գնացել էր Մոսկվա, մերոնց տեսել էր, չես հիշու՞մ ասում էր երեխաներին աստվածների պես են պահում: Խոզի միսն ուտեն,ատամները կկոտրեն, ինչ ենք անելու: Գնա, գոճի մորթի միսը փափուկ չլինի, մեր բանը բուրդ է: Չենք հասցնի մեր գործն անենք:
Պապը մրթմրթալով հնազանդվում է կնոջը: Ըստ երևույթին գոճին մորթելու ցանկություն չուներ: Կես ժամից գոճին մորթված էր և մորթը խանձել էր պետք: Պապը դժգոհ դեմքով փարսոնկան(այսպես էին կոչում խոզի մաշկը խանձող սարքը) ձեռքին գալիս է կնոջ մոտ:
-Տիկին, Մակունց Սուրիկինը վերցրի, Արտեմինը փչացած էր: Հինգ րոպե առաջ դրա տանն էի, ափսոսում է` տա: Ասում է  չփչացնեմ: Դու դրան տես, ինձ էրեխու տեղ է դրել: Էրեգ էտ փսլնքոտը շուն էր, գիտի մարդ է դառել, բան է սովորեցնում: Քիչ էր մնում խփեի բերանը ջարդեի: Չխփեցի, էսօր տոն է:
-Վահ, ինչ կասի: Դրանք լավ սորթ չեն, հինգ տարի կհիշի: Գնալու է ասի, նախկին գյուղապետի տեղակալ Սաքոն ինձնից բան է վերցրել:
- Ճար չունեի, ասածներդ ես էլ գիտեմ: Բայց ամբողջ գյուղն էլ դրան մարդատեղ չի դնում: Հայտնի բան է` փչացած սորթ են: Հերն էլ նույնն էր: Ասում են տղան գող է, պղինձ է գողանում:
-Դե էլ ինչ կա, գործիդ անցնի զանգեց ասեց դուրս են եկել, հինգ ժամից տեղ կհասնեն:
Ամուսինն անցնում է իր գործին,  կինն էլ մաքրած ճտերը սկսում է պատրաստել:
Թոռների տեղ հասնելուց կարճ ժամանակ անց ամեն ինչ պատրաստ էր:


                                                                 ***
Թոռները տեղ հասան: երկու գեղեցիկ աղջիկներ` Անին ու Աննան, առաջինը տասներկու, երկրորդը`տասչորս տարեկան:  Երկուսն էլ շիկահեր ու սպիտակամորթ, միմիանց նման: Միանգամից նստեցին սեղան, թոռները գրեթե ոչինչ չկերան, տատիկը տխուր էր, միթե  վատ էր պատրաստել, թե թոռները շատ ավելի համեղ սննդի են սովոր: իհարկե նա չէր կարող գուշակել, որ ճաշի մեջ մազ են տեսել, խեղճ տատիկ, նա մաքրությանը մեծ ուշադրություն էր դարձրել: Շատ քիչ խոսեցին, և պառավները, և թոռները հոգնած էին: Բացի դրանից թոռները հայերենին լավ չէին տիրապետում: Կես ժամից հետո թոռները ուղևորվեցին քնելու:
Տատը դիմեց ամուսնուն.
-Տեսա՞ր, թոռներիս շալվարները ոնց էին մաշվել, ճղճղվել էին:  Մեր հարսը~, մեր մասին տես ոնց է մտածում,  էրեխեքին բանի տեղ չի դնում: Ամեն ամիս կոնֆետ է ուղարկում ու մի նոր ձեռների յուղ, անունն ի՞նչ էր դրա
-Ես ինչ իմանամ
-Ինչ որ է, ասում է լավ թանկ արժի, կասեմ էլ չուղարկի  մեկ է հավաբուն մտնելիս ինչիս պետք է, տալիս եմ հարևանի ջահել հարսին, խեղճ էրեխեքիս շալվար առնի, մեռնեի չտեսնեի` ինչ օրի են հասել, հա'մ ազդրերը, հա'մ ծնկները մաշվել էր:
-Ուզում ես, բեր կարկատի:
-Հա, գնամ: Եթե քնած լինեն, չեն արթնանա չէ՞
-Չէ, բեր հոգնած կլինեն քնած են:
 
Հաջորդ առավոտ, երբ թոռները տեսան վերափոխված շալվարները, կատաղեցին և կռվեցին պապի և տատի հետ: Սկզբում վրա պրծավ մեծը աղջիկը:
- Почему вы трогали их?
-Почему вы испортили их? ,- շարունակում է փոքրը:
-Սաքո էս ինչ են խոսում, էս լեզուն չեմ հասկանում,-քչփչում է Սոնան,- ինչի են դժգոհում
Այդ պահին երեխաները անցնում են իրենց հատկացված սենյակը` շրխկացնելով փակելով դուռը:
-Ասեցին շալվարները փչացրել ենք: Կնիկ, կարո՞ղ է լավ չես կարել:
-Դուզ որ: Վատ եմ կարել երևի: Մտածեցի միջանցքի լույսը  չվառեմ, կարող է զարթնեն: Խելքս թռցրել եմ, ափսոս էսպես ստացվեց:
-Ինչ էղել էղել է: Գնամ ելակի հետևից, կարմիրները բերեմ, սեղանը գցի կանչի,  ու ասա 《պրօսծիծե》, բարիշեք, կարոտներս առնենք:
Տաս րոպեից Սաքո պապը վերադառնում է, երեխաները արդեն նստել էին, գնում է, որ համբուրի թոռների ճակատները, սրանք դժգոհելով հետ են քաշվում: Վիրավորվելով նստում է սեղանի առջև:
-Կնիկ, գնացի այգի տենամ Մակունց լակոտը մեր այգում է, ելակն է կխչորում: Փչացած է հոր պես, սաղ աշխարհի ելակն իրենց բախչում է, մերի վրա է աչքը դրել: Շնաթակ պիտի ես դրան տամ, դրա մերը
-Վահ, ձենդ,- կտրուկ վրա է բերում կինը:
Ամուսինը ամաչելով, իր արարքից դժգոհ գինի է լցնում` թափելով սփռոցին: Իսկ երեխաները մի քանի ելակ ուտելուց հետո առանց խոսելու անցնում են ննջասենյակ:
-Սոնիկ, տեսա՞ր, թե ինչ արի:
-Ոնց չէ, թաղեմ քեզ, էտ ինչ էիր ուզում ասես, նեղացան գնացին, սիրուն խոսել չգիտես,  երեխեքս քո տեղն ամաչեցին:
- Ինչ իմանայի:
-Ասում է ինչ իմանայի, բա չէի ասում, նորից մոռացել ես, էս էրեխեքին աստվածների պես են պահում, ով գիդի օպերա են լսում մենակ:
-էտ ի՞նչ է:
-Ըհն,  գեղցի է: Չգիտես օպերան ինչ է: Հարյուր ուզող ունեի, ինչի քեզ էկա: Մեր քաղաքը թողեցի եկա
-Ձեր քաղաքը, աղջի՞ կողքի գյուղիցը չես
-Գյուղը ձերն է, իմը քաղաք էր, երկու խանութ կա, ձերում մեկն է:
Ամուսինը կարծես համոզվելով  լռում է: Իսկ կողքի սենյակում հետևյալ խոսակցությունն էր ընթանում:
-Аня ты видела эти клубники? фу
-Да, ненавижу село, тут так грязно, даже нет саединение для интернето
- Давай пайдём завтро, больше не могу терпеть
-Решено.                 
                                                           ******

Այնուհետև իրենց որոշման մասին հայտնում են պապիկին: Նա պատմում է իր կնոջը, կինը տխրում է և   ամբողջ գիշեր լուռ հեկեկում էր:
Հաջորդ առավոտ  նրանք գնում են:
Պառավները  նրանց հեռանալուց հետո, տխուր կանգնած, միմիանց գրկում են, փորձելով հասկանալ` ինչը այնպես չեն արել:Մտովի հիշում են ջահել օրերը: Ոչինչ չեն խոսում, բայց միմիանց հասկանում են: Այնուհետև մայրամուտից հետո լույսերն անջատվում են, պառավները փորձում են վերականգնել երկու օրով խախտված կանոնակարգը, միմիանց գրկում են, որպես մենակության ընկերներ ու ննջում:
Սիրում էին միմիանց, երջանիկ էին և դա բավական էր:

среда, 1 июня 2016 г.

2017 թվականի օգոստոսի  16ին  երեկոյան Դավիթը նստել էր շենքի դիմացի այգում, և  խաղաղ ժխորի մեջ սիգարետ էր ծխում: Դավիթը գեղեցիկ էր.բարձրահասակ , սպիտակամորթ, խաժ աչքերով : Նա երեխայի տպավորություն էր թողնում, թեև 27 տարեկան լինելուն, և այդ տպավորությունը ավելի կատարյալ էր թվում գլխին ցցված խոպոպների պատճառով: Դավիթի դեմքի մանկական չարաճճիությունը և աչքերի մաքրությունը հիշեցնում էր մեծերին բարկացնել ցանկացող երեխայի:  Հերթական սիգարն ծխելուց հետո նա վեր կացավ նստարանից և թափթված շարժումներով մոտեցավ շենքի  աստիճաներին:
Շենքի դիմաց  իրարանցում էր ստեղծվել: Երեխաները հետաքրքրությամբ դիտում էին , թե ինչպես է կատաղած վարորդը ավտոբուսից ցած բերում անհամար ճամպրուկները ` թունոտ հայացքներ գցելով զգուշություն հորդորող օրորդների վրա: Պատշգամբներից դուրս մեկնված կանայք էլ իրենց հերթին դիտում էին նոր հարևանուհիներին: Սակայն Դավիթն առանց ուշադրություն դարձնելու ,ծեծված երեխայի դեմքով , մտավ շենքի բակ:  Նա մտահոգ էր թվում և տուն մտնելուն պես գույնը թռցրեց: Հիվանդ մայրը արթնացել էր և տնքում էր: Դավիթն իրեն մեղավոր էր զգում. գումար չուներ, իսկ մորն բուժելու համար ահռելի միջոցներ էին անհրաժեշտ , քիչ էր վաստակում, պարտքերից էլ վախենում էր: Ըստ երևույթին այդքան էլ շատ չէր սիրում նրան, դրա համար էլ չէր դիմում ռիսկի: Ոսկրացած մարմնով մայրն էլ չէր պահանջում, կարծես հասկանալով որդուն: Մոր համար որդու հետագա անհոգ կյանքը ավելի կարևոր էր, և նա հարմարվել էր մահվան մոտիկության հետ: Ուստի հիվանդ լինելով հանդերձ, իրեն երջանիկ էր զգում:Սակայն որդին տանջվում էր երկու պատճառով. նախ, որ մոր համար չէր վտանգում իր ազատությունը, և որովհետև մայրը  չէր  նախատում: Այո, ընկճվում ես երբ անսրտությանդ դիմաց մարդիկ իրենց սրտերն են նվիրում քեզ: Դավիթն իրեն մեղսագործ էր զգում, երբ  իր կամքին հակառակ որոշում էր հույսեր չփայփայել մոր փրկության հետ կապված, թեև մեղք հասկացությունը բացարձակ է, եթե իհարկե գոյություն ունի:Նման դեպքում ավելի ճիշտ կլիներ մոր մահվան հետ հարմարվելը, որպեսզի զգաս ժամանակը, բայց բարոյականությունը չէր թողնի: Ուստի Դավիթն տանջվում էր: Մոր հևագին շնչառությունն ու անհոգ ժպիտը տանջում էր նրան ,տան ծանրացած օդը կարծես գոռում էր նրա ականջներում և նա տուն մտնելուց կարճ ժամանակ անց  դուրս է գալիս և նստում հարկի ընդհանուր պատշգամբում :
Դրսի իրարանցումն ավարտվել է: Տոթ օրվանից հետո սառած օդն ծծելը հաճելի էր թվում: Դավիթն ընկնում է մտորումների մեջ, այնուհետև ծանր մտքերից հոգնած ննջում :
Իսկ երկինքը այդժամ հասցնում է կարմրել ու սևանալ: Գիշերն է իջնում:
         
                                       մաս երկրորդ

 Դավիթն արթնանում է քչփչոցներից: Նոր հարևանուհիներն էին ցածր ձայնով բզբզում: Ախ, ճիշտ է , վարձակալվելու էր հարևանի բնակարանը: Դավիթը հասցրեց դիտել նոր հարևանուհիներին: Ինչքան էլ տխուր ես լինում, եթե ազնիվ մարդ ես կարողանում ես տեսնել գեղեցիկը, սակայն գեղեցիկը հասկանալու համար պետք է նաև մտածել, Դավիթը ժամանակ չուներ դրա համար ուստի անտարբեր մնաց: Բարևեց նորեկներին և գլխիկոր մտավ տուն: Մայրը քնած էր, նրա փոքրացած և ոսկրոտ ձեռքն կախված էր: մահճակալից:  Մահն մոտ էր եկել: Նրա տհաճ ձայնը լսվում էր իր մոր շնչառության մեջ, այն կախվել էր իր մոր սևացած կոպերից , երևում էր նրա անփայլ խունացած աչքերի մեջ:
                                                   

                                                     

                                                   

: